Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ամկարի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանը, ով դարպասի երեք գրավումով նշանավորած հրաշալի նորամուտից հետո նստել էր «ցամաք հացի» վրա: Սա հայազգի ֆուտբոլիստի թվով չորրորդ գոլն էր «Սպարտակի» կազմում, իսկ երկրի ընթացիկ առաջնությունում` տասներեքերորդը: Յուրա Մովսիսյանը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության լավագույն ռմբարկու: «ՈՒրախ եմ, որ կարողացա գոլ խփել,- խաղից հետո տպավորությունները կիսել է հայազգի ֆուտբոլիստը,- սակայն անձնական հաջողությունները երկրորդ պլան եմ մղում: Ամենակարևորն այն է, որ այսօր թիմը հաղթեց, ու մենք կարողացանք կարևոր երեք միավոր վաստակել»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ